ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Մհեր Երզնկյանի ծննդյան օրն է։ Մհերը կդառնար 24 տարեկան։ Նա զոհվեց ապրիլի 6-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակում տեղակայված զորամասում՝ պահակային ծառայությունը պատվով և հերոսաբար կատարելու ժամանակ։
Հերոսը Երևան քաղաքից էր: Ծնվել է 1995 թվականին: Բանակ էր զորակոչվել 2016-ի հունվարի 16-ին: Մհերն իննամյա կրթություն էր ստացել, այնուհետ սովորել ոսկերչություն և արծաթագործություն։ 18 տարին լրանալուն պես, պետք է զորակոչվեր բանակ, բայց այդ ժամանակ պարզվել է, որ սրտի առիթմիա ունի։ Ծառայության մեկնելը հետաձգվել է, Մհերը հետազոտումներ ու բուժումներ է անցել։ Մհերը նաև ծնկի ցավ, ողնաշարի թեքություն ուներ։ Սակայն առողջական այս խնդիրները նրան «չստիպեցին» ծառայութունը կրկին հետաձգել։ Երեք տարի անց` 21 տարեկանում, հոգնելով շարունակական հետաձգումներից և տանել-բերելուց, Մհերը որոշեց՝ ինչ էլ լինի, գնալու է, ետ վերադառնա, որ մշտական աշխատանք ձեռնարկի։
Մհերն իրենից փոքր քույր ունի և ավագ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է: Քառօրյա պատերազմում ցուցաբերած արիության համար զինծառայողին տվել են «Առյուծ Մհեր» մականունը: