ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։
Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանից ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամների մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին` Նորին Սրբությունն ուրախությամբ ընդգծել է, որ պատրիարքի հանգամանքի մեջ առաջին անգամ լինելով՝ ԳՀԽ ժողովին իր մասնակցությունն է բերում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն է ուղղել Կ․ Պոլսի Պատրիարքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը վերջինիս առաքելության արդյունավոր իրականացման, Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռի պայծառության և պոլսահայության հոգևոր կյանքի շինության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել ժողովի ընդարձակ օրակարգում ընդգրկված հարցերին, որոնք առնչվում են ներեկեղեցական կյանքին և Հայոց Եկեղեցուն ու ժողովրդին հուզող զանազան խնդիրներին:
Քառօրյա ժողովի օրակարգում ընդգրկված են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի, այդ առիթով կազմակերպված համազգային հանգանակության, ինչպես նաև Հայոց Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցեր:
Գերագույն հոգևոր խորհրդին կներկայացվի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թվականի գործունեության տեղեկագիրը, կլսվեն հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը: