ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շատ կարևոր է, որ հանրային հարթակում այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու եւ մեկնաբանելու հարցում:
Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է հետաձգել մարտի 19-ի նիստը մինչև մարտի 31-ը:
Խոսքը քաղաքապետ Հայկ Մարությանի անունից երեք խմբակցությունների ղեկավարներին հասցեագրված գրության մասին է, որով քաղաքապետն առաջարկել է, մեջբերում եմ բառացի, «մինչեւ մարտի 18-ի ժամը 14.00-ը, խորհրդակցելով Ձեր խմբակցության անդամների հետ, ներկայացնել դիրքորոշում Երեւանի ավագանու 19.03.2020թ. նիստը հետաձգելու հնարավորության վերաբերյալ: Եթե ունեք այլ առաջարկ՝ խնդրում եմ ներկայացնել դրանց հիմնավորումները...»:
«Լույս» խմբակցությունից նշված ժամկետում քաղաքապետը պատասխան, այսինքն, դիրքորոշում չի ստացել: Հաշվի առնելով մյուս խմբակցությունների եւ հատկապես ավագանու մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումները, կայացվել է այն որոշումը, որի մասին տեղեկացրել ենք նախօրեին՝ նիստը կանցկացվի ամսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում»: