ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին նամակին:
«Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», - այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցերը, իսկ ավելի վաղ՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նպատակով նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։