ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երեկվա դրությամբ ռեկորդ եղավ՝ գազի գինը կազմեց 800 դոլար 1000 խորանարդ մետրի համար, ինչը բնականաբար որոշակի հարցեր է առաջացնում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք մենք ունենք որոշակիութուն՝ 2022-ի համար ՀՀ մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
Փոխվարչապետն ասաց, որ «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները պերմանենտ բնույթ են կրում․
«Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած «Գազպրոմ» խմբի կողմից պնդում կա, որ 2013-ի համաձայնագրի շրջանակներում պայմանավորված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում: Աշխատանքային պրոցես է, բանակցություններ են, հուսով եմ՝ գազի գնի հետ կապված որևէ անսպասելի բան տեղի չի ունենա»։
Արմեն Գևորգյանն աձագանքեց՝ պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանա, թե՞ հարցն այնքան անորոշ է, որ չի բացառվում, որ գինը կբարձրանա:
Մհեր Գրիգորյանը նշեց, որ անսպասելի ասելով՝ նկատի ունի մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա: Նա նաև հույս հայտնեց, որ այս տարի գազի գինը պահպանել հնարավոր լինի։
--00—ՄՀ