ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Արամ Սարիբեկյանը իր վարած BMW մակնիշի 36 MO 890 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 1-ին թաղամաի թիվ 23 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, այնուհետև կոտրել 2 ծառ, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 50-ամյա Հարություն Հարությունյանին պատկանող «ԳԱԶ 5312» մակնիշի 65 ՍՏ 167 համարանիշի ավտոմեքենային և այնուհետև բախվել 2 ծառի ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող բնակիչները։ Բախման հետևանքով 2 ծառ արմատախիլ է եղել, մեկն էլ կոտրվել է։