ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Մայիսի 5-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սաhմանում ոստիկանության Երևանի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ.-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»: Հարևանները նշել են նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրել են դրական, և որ նա ամուսնալուծված էր:
Ըստ աղբյուրի՝ այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: