ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով իր պաշտոնավարմանը, նշել է, որ ՍԴ շենք եկել է 1997 թվականին, ու փողոցից չի եկել:
«Ես 4 ժամ ԱԺ-ով անցել եմ և ամենաշատ ձայներն եմ հավաքել, որ ընտրվել եմ: 2005 թվականին իմ ժողովուրդը հաստատել է, որ «Թոխյա՛ն, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչ պայմաններով 97 թվականին քեզ նշանակել են»: Պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել. բոլորս՝ մինչև 70 տարեկանը:
15 թվին ժողովուրդս նորից հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել: Թե հիմա պառլամենտն ինչո՞ւ է ուզում վերափոխել ժողովրդի ասածը, դա իրենց հարցրեք»,-ասել է Թոխյանը, ապա հավելել. «97 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել»:
Թոխյանը նաև առաջարկել է ուսումնասիրել, թե Եվրոդարանն ինչպես է տվել հարցի լուծումը:
«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես»,-ասել է նա:
--00—ԼՄ