ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Գույքահարկի նոր կարգի սահմանումից հետո սկիզբ առած դիսկուրսը՝ «Ես բնիկ երևանցի եմ» վերտառությամբ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անիմաստ բանավեճ է համարում: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ ոչ թե համախմբում, այլ տարանջատում է տեսնում այդ ամենի մեջ:
Ըստ նրա ՝ գույքահարկը սահմանելիս պետք է հաշվի առնել մարդկանց աշխատավարձը կամ թոշակը, որովհետև այժմ խոսում ենք գույքի շուկայական արժեքի մասին, բայց թոշակներն ու աշխատավարձերը շատ հեռու են շուկայական պահանջներից: Մեր զրուցակիցը վստահ է՝ օրենք գրելիս հենց այդ հանգամանքը պետք է հաշվի առնել, մնացած բոլոր հանգամանքները՝ բնիկ, ոչ բնիկ, եկվոր և այլն, միայն խանգարում են հարցին մասնագիտական ու թիրախային լուծում տալ: Այն, հավելում է Բաբայանը, խնդիրն ավելի շատ էմոցիոնալ դաշտ է տեղափոխում, իսկ օրենքներն էմոցիաներով չեն գրվում:
«Մյուս կողմից՝ այս ժամանակներում մենք շատ ավելի կարևոր խնդիր ունենք՝ կապված համավարակի հետ, ու յուրաքանչյուրս պետք է կարողանանք գոնե մի քանի գրամ բարություն սերմանել: Եթե բոլորս միմյանց նկատմամբ միայն ատելություն տարածենք, ապա ոչ մի բան լավ բանի չենք հասնի: Ես գիտեմ, որ կենտրոնում բնակարաններ կան, որտեղ միայնակ թոշակառուներ են բնակվում: Վերջերս պատգամավորներից մեկը խորհուրդ է տվել վաճառել բնակարաններն ու տեղափոխվել քաղաքի ծայրամաս: Բայց այդ միայնակ թոշակառուներն այն մարդիկ են, որ վաճառք կազմակերպելու հնարավորութուն անգամ չունեն: Եվ նրանք արժանի են, որ կյանքի մնացած մասն ապրեն այնտեղ, որտեղ ապրել են ամբողջ կյանքում: Բացի այդ՝ նրանց զբաղեցրած բնակարանները շքեղություն չեն հաստատ: Կենտրոնում գտնվող իմ բնակարանը ես էլ եմ ժառանգութուն եմ ստացել: 1963-ին բնակարանը ստացել է հայրս, ես իրենից եմ ժառանգություն ստացել, ու այն մեծ շքեղություն չեմ համարում: Տանը ապրում ենք ես, կինս, երկու տղաս ու ծեր մայրս: Հիմա եթե անգամ փորձենք այն վաճառել ու տեղափոխվել, մորս համար, օրինակ, մեծագույն ողբերգություն կլինի դա»,- ընդգծում է Ռուբեն Բաբայանն ու հավելում՝ յուրաքանչյուր օրենք գրելիս պետք է հաշվի առնել մարդկային գործոնը: Նա առավել քան վստահ է՝ օրենքը չի կարող չոր լինել, այն գրելիս պետք է հաշվի առնել ամենակարևոր հանգամանքը՝ կենտրոնում պետք է մարդը լինի:
Բնիկ ու ոչ բնիկ երևանցի բանաձևումները ռեժիսորի համար ոչ այլ ինչ են, քան տարանջատիչ հանգամանք: Ըստ մշակութային գործչի՝ պետություն հասկացությունը, որպես այդպիսին, մեր ուղեղներում դեռևս չի ձևավորվել, ու մենք ավելի շատ գաղութային արժեքների կողմնակիցն ենք: Ցավով է արձանագրում, որ այժմ այդպես է, որովհետև այդ տարանջատումն ի սկզբանե մեզ բնորոշ չի եղել: «Այո, խոսակցական, առօրյա կամ անեկդոտային մակարդակում գուցե ընդունելի է ասել՝ ապարանցու կամ գյումրեցու անեկդոտ, բայց որպես որակի նշան՝ երբևիցե չի գործածվել այդ բաժանումը: Այն գործածվել է, օրինակ, Ադրբեջանում: Այնտեղ եղել է Նախիջևանի, Կիրովաբադի շրջան, բայց մենք դրանից հեռու ենք եղել: Չգիտեմ՝ ինչից հետո է այդ բաժանումը մտել մեր մեջ․գուցե ժամանակին շատ ակտիվություն ստացան միավորումները՝ ապարանցիների, գորիսեցների և այլն: Հստակ է մեկ բան՝ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, սա մեր հայրենիքն է, Երևանը բոլորի մայրաքաղաքն է: Ես այն տեսակետին չեմ, որ Պառավաքար գյուղն իմ հայրենիքը չէ, միգուցե ավելի շատ է իմ հայրենիքը, քան Երևանն է, որովհետև այնտեղից է սկսվում հայրենիքը: Սա ցավոտ թեմա է, ու, վերջիվերջո, ժամանակն է խոսել ու հասկանալ՝ ով է Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,- շեշտում է Բաբայանը:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի համար անընդունելի է նաև այն դիսկուրսը, թե իսկ ո՞ւր էին բնիկ երևանցիները, երբ Երևանի հին շենքերը քանդում էին, մայրաքաղաքի տեսքը աղճատում և այլն: Ի՞նչ է նշանակում՝ ուր էիք դուք, երբ այդտեսակ բանն էր արվում, զարմանում է ռեժիսոր Բաբայանը, եթե այսօր ինչ-որ մեկը կանգնում ու պաշտպանում է, որ ճարտարապետական ինչ-որ մի կառույց չքանդվի, բայց նախկինում նման բան չի արել, ապա չի նշանակում, որ այժմ դրա իրավունքը չունի:
«Լավ է անում, հիմա է պաշտպանում, ու ես ընդհանրապես կողմնակից չեմ մարդկանց հետ մեղադրանքների լեզվով խոսելուն: Պետք չէ հիշեցնել ու ասել՝ այ դու, երկու տարի առաջ նման բան ասացիր… Սա մի հայացք է, որ միշտ դեպի հետ, ոչ թե առաջ է տանում: Եթե ես երեկ ինչ-որ բան չեմ արել ու այսօր անում եմ, դա չի նշանակում, թե այսօր դա անելու իրավունքը չունեմ: Մենք բոլորս ենք մեղավոր, որ չենք պահպանել մեր քաղաքը, ու ընդհանրապես մեղքը գցել ուրիշների վրա, ամենահեշտ ճանապարհն է։ Երբ դու համարում ես, որ մեղքը նաև քոնն է (նաև այն հարցերում, թե ով է եղել քո երկրի նախագահը, քո երկրի վարչապետը), չես անջատվում: Եթե անջատվում ես, հետևաբար վրայիցդ հանում ես պատասխանատվությունը, այն պատասխանատվությունը, որ պետք է կրի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այնպես որ, մոտեցումը, թե դուք ո՞ւր էիք, որտե՞ղ եք եղել, ի՞նչ եք արել, հեղափոխության ժամանակ ո՞ւր եք եղել, ատոմակայանի դեմ, Նաիրիտի դեմ պայքարե՞լ եք, թե՞ ոչ, ընդունելի չէ: Մենք ապրում ենք այսօրվա օրով ու պետք է ամեն ինչ անենք, որ մեր կյանքն էլ ավելի լավանա: Եթե սկսենք պարզել, թե նախկինում ով ինչ մեղք է գործել, խավարասերների նման կգզենք միմյանց՝ չհասկանալով, թե ուր ենք գնում»,- եզրափակեց մշակութային գործիչը:
Վրույր Սևակ
--0--ԿԿ