«Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի ծեծելու փաստով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

ծեծ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է մի խումբ անձանց կողմից «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:



Քննությամբ պարզվել է, որ 2020 թ. հունիսի 21-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում, մի խումբ անձինք «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին ձեռքերով, ոտքերով  հարվածներ են հասցրել:



Հիշեցնենք, որ նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել էին երկու անձինք՝ ծնված 1989 և 1990 թթ., և ձերբակալվել:



Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վար՝ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:



Նախաքննությունը շարունակվում է:



Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

--00—ԼՄ