ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
«Հայտնվել ենք այն աշակերտի կարգավիճակում, որին ասում են՝ դու լռիր, դու ո՞վ ես, որ խոսես: Օգնության փոխարեն տեսաք՝ ինչ ստացանք, կարելի էր գոնե մեկ անգամ հարցնել՝ ինչո՞ւ»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի համար նոր չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբի ղեկավար, բանասեր Թամար Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ նոր չափորոշիչներով աշակերտին ոչ թե անգիր անել, այլ մտածել են սովորեցնում: Բացատրում է՝ երեխան ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ է ուզում առնչվել Նարեկացու ու Խորենացու հետ:
«Մեր դպրոցներում մոռացել են ամեն երեխայի հետ անհատապես աշխատելու շատ կարևոր պայմանը»,-ասաց Ալեքսանյանը։
Բանասերը ցավով է նշում՝ այսօրվա դպրոցը կտրված է կյանքից, երեխային հաճախ ոչ պետքական բաներ ենք տալիս:
«Աշակերտը հարցնում է՝ ինչո՞ւ պետք է սա իմանամ, սովորեմ, ու դա ճիշտ հարց է: Ինչ վերաբերում է հայրենասեր աշակերտ դաստիարակելուն, ապա, օրինակ, նրան, գրական գործի բնագիր կարդալ սովորեցնելով, արդեն իսկ որպես լավ հայ ես դաստիարակում»,- ընդգծեց բանասերն ու հավելեց՝ «Գրականություն» առարկայի «հայ» որոշիչը «վերադարձնելու» հարցն այժմ քննարկվում է:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ