ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարել է, որ, Համաճարակային իրավիճակից ելնելով, ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ: Միայն բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնում է artsakhpress.am-ը:
Նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝ սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան:
«Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դիմակ դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների հարցերը դեռ քննարկվում են: Դասերը լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային միջոցառումների կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե իսկապես դրանք խանգարիչ միջոցներ են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն 100-ից ավել աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք: Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավել աշակերտներ ունեցող ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների և հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝ պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- մասնավորապես ասել է նախարարը:
Խոսելով բուհերի մասին՝ Լ. Ղարախանյանը նշել է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու.
Համավարակի գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը:
--00—ԼՄ