ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով:
Տոնոյանը նշել է, որ բոլորը մեծ տագնապով են արձանագրում վերջին շրջանում միջպետական հարաբերություններում գրանցվող լարվածությունը, ներպետական ճգնաժամերի սրման հետևանքով հակամարտության գոտիների զգալի ընդլայնումը նախ և առաջ էթնիկ և դավանաբանական հողի վրա: Նախարարը նշել է, որ աշխարհը, միևնույն ժամանակ, դարձել է առավել միաձուլված. այս կամ այն տարածաշրջանում ցանկացած անկայունություն բացասական հետևանքներ կարող է ունենալ ամբողջ աշխարհի համար:
Միջազգային հանրության գլխավոր խնդիրը կայուն աշխարհի կառուցումն է` հիմնված անկայունության նոր օջախների առաջացումը կանխելու վրա: Դա, ըստ Տոնոյանի, հնարավոր է միայն կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում:
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խիստ պահպանումն առանցքային դեր ունի հակամարտությունների կանխարգելման գործում: Երկրների միջև առկա վեճերի ու տարաձայնությունների լուծման հիմքը պետք է լինեն բացառապես խաղաղ բանակցությունները` հիմնված այլ երկրի ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- ասել է նախարարը:
Տոնոյանն ընդգծել է` Հայաստանը միշտ հանդես է եկել միջազգային իրավունքի և ազատ ընտրության իրավունքի հավասար կիրառման, ողջամիտ գլոբալիզացիայի և միջազգային անվտանգության կառուցման օգտին, որ հիմնվում է «ուժի դիրքերից» հանդես գալու քաղաքականությունից հրաժարվելու, առավելապաշտական մոտեցումներից, ատելության հռետորաբանությունից ու ռազմատենչ հայտարարություններից հրաժարվելու սկզբունքի վրա:
«Մեծ ցավով պետք է փաստեմ, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է բարձր հակամարտային ներուժով: Վերջին շրջանում տարածաշրջանում նկատվում է հակասությունների սրում, ինչը մեր գնահատմամբ կոնկրետ երկրների հավակնությունների մեծացման հետևանք է»,- ասել է նա:
Նախարարը շեշտել է, որ տարածաշրջանային հակամարտություններն ուժային լուծում չունեն, և Հայաստանի համար անընդունելի է ռազմական հռետորաբանությունը, նաև հակամարտությունների մեջ նոր պետությունների ներգրավումը` դրա հետ բխող հետևանքներով:
«Տարածաշրջանում ռուսական ներկայությունն, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացումը կարևոր զսպող գործոն են, որ նպաստում են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
Նախարարի ելույթն ամբողջությամբ` այստեղ:
--00--ԱԹ