ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը կարևորվել է հայ-եգիպտական դարավոր բարեկամությունը՝ խարսխված երկու ժողովուրդների միջև համերաշխության և փոխադարձ հարգանքի զգացումներով:
«Հիրավի գնահատելի է Եգիպտոսի կառավարության ջերմ և հոգատար վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, ինչի շնորհիվ հայերը կարողացան պահպանել իրենց լեզուն, մշակույթը, կրոնը և ազգային ինքնությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ «կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից Եգիպտոսի փորձառությունը կարող է լավ օրինակ ծառայել»:
Երկուստեք մտահոգիչ է համարվել աշխարհի տարբեր անկյուններում ծայրահեղական դրդապատճառներով հանցագործությունները և կրոնական հիմքի վրա խտրականության դրսևորումները և քաղաքական նպատակներով կրոնի շահարկումը: Այս համատքեստում զրուցակիցները շեշտել են միջկրոնական հանդուրժողականության և համերաշխ համակեցության կարևորությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերով հետևողականորեն աշխատում է կրոնական խմբերի իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ:
--00--ԱԹ