ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար, այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
«Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ․ հոկտեմբերի 2-ին:
Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է», - նշված է ԱԳՆ հայտարարությունում։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ