ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:
Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի մասին:
Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:
Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտմեբրի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:
Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 7-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 291 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
--0--ԿԿ