ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել.
«ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կազմակերպվեց հատուկ միջոցառում` հայ համայնքի մի շարք կառույցներին ու անհատներին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» նորաստեղծ հիմնադրամի գործունեությունը ներկայացնելու համար։
Հանդիպման սկզբում նշեցի, որ մեր հիմնական գործառույթներից է ադրբեջանական հանցանքների ապացույցներ ամրագրելը, հետազոտելը, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելուն նպաստելը:
Դրանից բացի՝ հիմնադրամի գործունեության ուղղություններն են լինելու.
• Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը,
• մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը,
• գիտակրթական և հետազոտական գործունեությունը, հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը,
• հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը,
• Հայաստանի, Արցախի և Հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը:
Գործարկման փուլում է www.tatoyanfoundation.org կայքը, որի միջոցով հնարավոր է նվիրատվություններով աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։
Ընդգծեցի ևս մեկ անգամ, որ հիմնադրամի հետ կապված` իրականացնելու եմ ակտիվ հանրային գործունեություն։ Հիմնադրամը չունի որևէ օլիգարխից ֆինանսավորում․ ֆինանսական աջակիցներն են մեր անհատ հայրենակիցները:
Ներկայացրի, որ հիմնադրամում աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին աշխատակիցներն են․ պրոֆեսիոնալներ են և ունեն ճգնաժամային իրավիճակներում աշխատելու մեծ փորձառություն։
Հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Չիկագոյի և մի շարք այլ քաղաքների հայկական կառույցների ղեկավարներ ու անհատներ` հայտնի փաստաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, արվեստագետներ և այլն:
Հ․Գ․ ԱՄՆ-ում եմ գտնվում գործնական այցով, որի շրջանակներում տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումներ, քննարկվել են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ»:
--00—ԼՄ