ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:
Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ