ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Արցախի Հանրապետության ամբողջական շրջաններ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. այդ տարածքների հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր:
«Коммерсантъ» պարբերականի թղթակից Ալեքսանդր Չորնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր մարտական գործողությունների ժամանակ: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է վերադառնալ հայկական գյուղի գոյության վերջին օրը:
«Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահպանել»
Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված է խիտ մառախուղով: Տեսանելիությունը մի քանի մետր է, բայց գուցե սա ավելի լավ է. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված մեքենաները: Եթե ուշադիր չես նայում, քաղաքը նման է քաղաքի: Գեղեցիկ է:
Բայց գլխավոր հրապարակում նույնիսկ մառախուղն է անզոր: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տարհանումից տուն են վերադառնում, ոմանք էլ ժամանել են Ստեփանակերտ, քանի որ այլևս իրենց տունը չկա: Տասնյակ մարդիկ բեռնաթափում են տուփերը, պայուսակները` ընդհատ բախվելով մշուշի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները լաց լինում ՝ գրկելով իրենց հարազատներին:
«Ես մեկնել էի Երևան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում անվճար բնակարան էին տրամադրել,-պատմում է Դիանան,-Ահա վերադարձել ենք, բայց ինչպես ապրել այստեղ, պարզ չէ: Մեր հարևանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտևի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական եմ դարձել»:
Դիանան ծնվել է խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988 թվականին փախել է քաղաքից:
«Մայրիկը Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին, - հիշում է կինը, - մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ եկավ»:
Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից մեկնել Հայաստան, և գուցե նույնիսկ ավելի հեռու. «Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունը չկարողացավ պահել: Ամոթալի է ու դառը, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:
Հատկապես շատ փախստականներ կան քաղաքում հարևան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն անվանում են Աղդամի շրջան: Աղդամ «ուրվական քաղաքը» և նրա հարակից տարածքները առաջիններից են, որոնք փոխանցվում են Ադրբեջանին:
Այժմ ուր նայի հայացքը...
«Հրապարակում մենք գտնում ենք տաքսու վարորդի, ով համաձայնում է մեզ տանել տեղահանված բնակավայր։ Ստեփանակերտից ուղևորվում ենք Լեռնային Ղարաբաղի նոր սահման` Ասկերանի շրջանի Ուխտասար գյուղ: Գյուղը տարիների ընթացքում վերաբնակեցվել էր, մարդիկ այգիներ էին տնկել, երեխաներ են ծնել, մահացածներին թաղել: Վերաբնակիչները դարձել էին արմատական բնակիչներ, սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարը հայրենիք էր դարձել»,- գրել է թղթակիցը։
Մեկ ամիս առաջ Ուխտասարը գրեթե ամբողջովին դատարկ էր: Կանանց ու երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էին մի քանի ալեհեր ծերունիներ: Նրանք լրագրողներին խաղող և նուռ էին հյուրասիրում, դիրքավորվում էին Կալաշնիկովի ինքնաձիգով և հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն օր մեկնում՝ ճանապարհների ոլորանները պաշտպանելու համար: Այս ռազմաշունչ հզոր պապերը համոզված էին մոտալուտ հաղթանակում և պահանջում էին, որ պատերազմից հետո լրագրողները հյուր գան ՝ «գինի խմելու, նուռ ուտելու»:
«Գյուղի ծայրամասում հանդիպեցինք մեզ ծանոթ պապերից մեկին: Մեկ ամսվա ընթացքում Խաչիկը մեծացել էր տասնյակ տարիներով»,- նշել է թղթակիցը։
Գյուղացի մարդիկ չգիտեն, թե ուր են գնալու:
«Ես գյուղացի եմ, ի՞նչ պետք է անեմ քաղաքում: Միայն շինարարության մեջ կարող եմ աշխատել, բայց Հայաստանում շինարարության ոլորտում բոլորի համար տեղ չի լինի: Ստիպված կլինենք ավելի հեռու գնալ, Վրաստան, կամ միգուցե ձեզ մոտ` Ռուսաստան»:
«Եթե այստեղ էլ Ռուսաստանի դրոշ լինի, մենք նույն օրը կվերադառնանք»,-ասում է գյուղացիներից մեկը:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
--00—ՄՀ