ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 15, 24News
«Կոմերսանտ» պարբերականը «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» խորագրով հոդված է հրապարակել, որում նշվում է, որ 2018-ին փողոցում բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվել է կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի:
Ըստ աղբյուրի՝ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն հարցաքննության կանչեց ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, որը քննադատում է վարչապետին բոլոր ոլորտներում ձախողման համար:
Պարբերականը նշում է, որ Ծառուկյանի հարյուրավոր աջակիցներ հավաքվել էին ԱԱԾ-ի պատուհանների տակ՝ բղավելով «Նիկո՛լ, հեռացի՛ր» կարգախոսը:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար բոլոր պատասխանատու անձանց պատասխանատվության կանչելու կոչ է արել նաև երկրի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ-ն: Վանեցյանը տեղեկացրել է նաև, որ ինքը պարբերաբար հանդիպում է Գագիկ Ծառուկյանի հետ:
Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ վարչապետ Փաշինյանը, վերջին շրջանում կոշտ քննադատության է ենթարկում իր քաղաքական հակառակորդներին՝ նրանց անվանելով «քաղաքական բացիլներ», և հայտարարել, որ «իրենց քաղաքական գերեզմանն են փորում», իսկ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո կհայտնվեն Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցում:
--00—ԼՄ