ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Լուրերի դաշնային գործակալությանը» (ФАН), որի շրջանակում անդրադարձել է ԼՂ-ում և ՀՀ-ում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին:
«2,5 տարի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեթոդաբար քանդել են հայ-ռուսական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն ռազմավարական գործընկերներ են եղել: Փաշինյանի թիմի՝ իշխանության գալուց հետո այս հարաբերություններն օրեցօր վատթարացել են: Հակառուսական հայացքներ ունեցող մարդիկ հայտնվել են կառավարությունում»,-ասել է Վանեցյանը և հավելել, որ այս իրավիճակին ենք հանգել, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրական աշխատանքի փոխարենպոպուլիստական հայտարարություններ էր անում` դուրս գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացից:
«Ես նրան հրապարակավ հարցրել եմ, հարց եմ տվել. «Բացահայտե՛ք գաղտնիքը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ փաստաթղթի կամ ի՞նչ թեմայի շուրջ եք բանակցում»: Նա խորհրդարանում ցինիկաբար պատասխանել է. «Ինչ-որ մեկն ինձ հարցնում է, թե ինչի շուրջ եմ ես պայմանավորվում ադրբեջանական կողմի հետ: Ինչի՞ շուրջ ցանկանում եմ, դրա շուրջ էլ պայմանավորվում եմ»: Եվ ահա տեսանք ինչի մասին էր նա պայմանավորվում. պայմանավորվում էր մեր պատմական հողերը հանձնելու մասին: Ամենավատ երազում անգամ տեսնել չէինք կարող, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել այնպես, ինչպես լուծվեց»,-ասել է Վանեցյանը, ապա հավելել, որ Հայաստանի անվտանգությունը այսօր իրական վտանգի տակ է:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության պատճառով հայկական զինված ուժերը մեծ կորուստներ ունեն: Նաև անցած 2,5 տարվա ընթացքում Հայաստանում փոխվել է հատուկ ծառայությունների 5 ղեկավար»,-ասել է Վանեցյանը՝ մասնավորեցնելով, թե ինչո՞ւ է Հայաստանի անվտանգությունը վտանգված համարում:
Տեսանյութը՝ այստեղ:
--00—ԼՄ