ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանա: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի:
Այս մասին news.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը չի ստանալու: Դատական գործն ավարտվել է հօգուտ Նուրուդինովի: Դեկտեմբերի 20-ից ուզբեկ ծանրորդը դուրս է գալիս որակազրկումից, արդեն կարող է մասնակցել միջազգային մրցաշարերի: Պաշտոնապես արդեն հայտարարված է միջազգային ֆեդերացիայի կայքում, ուզբեկական լրատվամիջոցներում»,- ասել է Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճած, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել, և նա կզրկվի ոսկե մեդալից։ Ավելի ուշ Փաշիկ Ալավերդյանը հայտնել էր, որ Նուրուդինովի որակազրկման և Սիմոն Մարտիրոսյանի չեմպիոնության մասին նամակ է ստացել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահից։
Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 417 (190+227) կգ արդյունքով։ Ռուսլան Նուրուդինովն առաջին տեղը գրավել էր 431 (194+237) կգ արդյունքով։
--0--ԿԿ