ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ապրիլի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմանում Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած «Mercedes CLՏ 550» մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Շտապօգնություն զանգահարելուց հետո վարորդը զանգահարել է նաև ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
Դեպքի փաստով ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, որն այսօր էր ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել Երևան Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:
--00—ԼՄ