ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
44-օրյա ավերիչ պատերազմից ավելի քան մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղն աստիճանաբար կենդանանում է: Պատերազմի ժամանակ ավելի քան 70 տոկոս տարածք կորցրած ԼՂ բնակիչները վերադառնում են: Նրանցից շատերը անորոշության մեջ են. մի մասը տուն է կորցրել ռմբակոծությունների հետևանքով, մյուսները՝ այն պատճառով, որ իրենց գյուղերն ու քաղաքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
EADaily-ն ԼՂ քաղաքաշինության նախարար Արմեն Սարգսյանի հետ զրուցել է պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման, Ռուսաստանից Ստեփանակերտին տրվող օգնության, խաղաղության երաշխավոր ռուս խաղաղապահների և այլնի մասին:
Սարգսյանը պատմել է՝ բնակիչները վերադառնում են ԼՂ, Ստեփանակերտում արդեն աշխատում են խանութները, հանրային սննդի կետերը, դպրոցներն ու հյուրանոցները: Վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Կյանքն աստիճանաբար վերադառնում է նորմալ հուն: Նախարարը հույս է հայտնել, որ տարեվերջին կյանքն արդեն առավել լիարժեք կդառնա:
«Մեր նպատակն է վերադարձնել ԼՂ բոլոր բնակիչներին: Այդ գործընթացը կատարվում է: Օրինակ մայրաքաղաքում կյանքն արդեն բավական ակտիվ է: Ճանապարհներին անգամ խցանումներ են լինում: Սակայն դեռ ոչ բոլորն են վերադառնում, քանի որ բնակֆոնդի հետ կապված խնդիրներ կան. մեր շատ հայրենակիցներ, որ այժմ Հայաստանում են, պատերազմի հետևանքով տներ են կորցրել. դրանք կամ ոչնչացվել են ռմբակոծության հետևանքով, կամ անցել թշնամու վերահսկողության տակ»,- ասել է նա:
Ներկայում, ըստ նախարարի, դեռ պատերազմի հասցրած վնասների ֆինանսական գնահատական չկա, քանի որ հաշվարկել են միայն այն օբյեկտներին հասցված վնասը, որ պատերազմի հետևանքով կամ ամբողջապես, կամ մասնակի ոչնչացվել են: Սարգսյանի խոսքով՝ այժմ հաշվարկները տեղի են ունենում. ավելի քան 2800 օբյեկտներ են տուժել այս պատերազմի հետևանքով, դրանցից 250-ը վերականգնման ենթակա չէ: Տուժել է նաև Հայաստանի ու Արցախի միջև էլեկտրահաղորդակցման գիծը, որ տեղական հզորությունների հետ ապահովում էին ԼՂ էլեկտրաէներգիան: Այժմ, նախարարի փոխանցմամբ, կան էներգամատակարարման հետ կապված խափանումներ, նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք ընթացքում լուծվում են: Մայրաքաղաքում էներգամատակարարումն ամբողջությամբ վերականգնված են, մինչդեռ Մարտունիում և շրջակա գյուղերում դեռ խնդիրներ կան, որոնցով զբաղվում են:
Նախարարը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնողական աշխատանքներին. Ռուսաստանը շինանյութեր է ուղարկում, առաջիկայում դրանց ծավալները կավելացվեն: Շինանյութեր են տրամադրվում նաև Հայաստանից: Աշխատանքները տարվում են, սակայն կա աշխատուժի պակաս:
Հարցին՝ քանի՞ տուն պետք է կառուցվի, որ ԼՂ-ում բնակավայրերի խնդիրը լուծվի, Սարգսյանը պատասխանել է, որ այս խնդրի ամբողջական լուծման համար հարկավոր է 8 000 տուն կառուցել. Հադրութի և Շուշիի բնակիչների մի մասը բնակեցվել է Ստեփանակերտի արվարձաններում, իսկ մյուսների համար նախատեսվում է նոր բնակավայրեր կառուցել, և այս հարցում կարող է լուծել Ռուսաստանը: Սարգսյանը նշել է, որ իրենք արդեն դիմել են ՌԴ-ին, ակնկալում են, որ պատասխանը դրական կլինի:
--00--ԱԹ