ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Ըստ պաշտոնյայի՝ ցայսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը 1069 է:
«Այսօր որոնողափրկարարական խմբերի աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով աշխատանքները կանգ չեն առնելու»,-ասել է Հունան Թադևոսյանը:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:
--00—ԼՄ