ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն Արցախյան վերջին պատերազմում զոհված, վիրավորում ստացած, անհետ կորած կամ գերեվարված զինվորների, ինչպես նաեւ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունից Երևան և Հայաստանի տարբեր մարզեր տեղափոխված ընտանիքների 6-12 տարեկան երեխաների համար կազմակերպում է ամանորյա միջոցառումներ: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Գեղարքունիքի մարզում հիմնադրամն իր նախաձեռնությունը կյանքի է կոչում մարզպետարանի հետ համագործակցությամբ: Մարզում նախատեսված է կազմակերպել 6 նման միջոցառում, որոնք իրականացվում են Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում:
Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից երեխաների՝ Գավառ տեղափոխման ծախսերը հոգացել է Գեղարքունիքի մարզպետարանը, կազմակերպչական մնացած աշխատանքները համակարգել են մարզպետարանի մշակույթի և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները:
Դեկտեմբերի 22-ին Քալանթարցիները հանդես են եկել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների արցախցի երեխաների առջև: Բեմականացվել է «Անտառի առեղծվածը» հեքիաթը, իսկ ծրագրի ավարտին փոքրիկ հանդիսատեսները հիմնադրամի կողմից ստացել են ամանորյա նվերներ: Դեկտեմբերի 23-ին և 24-ին գավառի պետթատրոնը հյուրընկալել է մարզի մյուս տարածաշրջաններում ապաստանած երեխաներին։
Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ տոնական այդ ծրագրից կօգտվեն նաև Գավառի մանկատան սաները:
--00—ԼՄ