ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Լեռնային Ղարաբաղի պարագայում հարցը վերաբերում է ոչ թե ԼՂ-ն Ռուսաստանին միացնելուն, այլ Ռուսաստանի կողմից պաշտպանության պահպանմանը, նշել է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու հավանականության մասին լրագրողի հարցը համարել էր «էկզոտիկ» և հայտարարել․ «մենք այդպիսի մտքեր չունենք»:
«Լավրովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չափազանց հստակ է: Հստակ է, որ սա հայկական կողմից հնչող հարցի պատասխանն էր: Հստակ է նաև, որ բուն Ռուսաստանում իրականում երբեք խոսք չի եղել Ղարաբաղը ՌԴ կազմում ներառելու մասին: Բայց որքան էլ տարածված լինեն բուն Ղարաբաղում Ռուսաստանին միանալու տրամադրությունները, պետք է նայել նախադեպերին:
Իսկ նախադեպերն այն են, որ, օրինակ, Հարավային Օսիայում բնակչության 85%-ը կողմ է Ռուսաստանին միանալուն, սակայն դրան դեմ է համարյա ամբողջ քաղաքական դասակարգը: Նրանք վախենում են այն փաստից, որ Հարավային Օսիան, մոտ 30 տարվա պայքարի ֆոնին, ձևավորվել ու դարձել է սեփական արմատներով և ավանդույթներով պետություն: Բայց ինչպես մի քանի տարի առաջ ասել էր Աբխազիայի այն ժամանակվա արտգործնախարար Սերգեյ Շամբան, Ռուսատանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո դրա կարգավիճակը (նաև Հարավային Օսիայի կարգավիճակը) կարելի է անվանել պրոտեկտորատ: Մյուս կողմից, Մերձդնեստրի և Դոնբասի հանրապետությունները հանրաքվեներում միանշանակորեն հանդես են եկել Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին:
Լեռնային Ղարաբաղը՝ որպես պետություն չի գոյատևի, առանց Ռուսաստանի պաշտպանության, ուստի այստեղ հարցը ոչ թե Ռուսաստանին միանալու, այլ ՌԴ-ի կողմից դրա պաշտպանությունը պահպանելու մասին է: Հենց դրա համար է պետք պայքարել», - ասել է Կոլերովը:
--00—ՄՀ