ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
2021 թ․ հունվարի 26-ին և 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ տրանսպորտի բնագավառում վերահսկողության իրականացման կարգի վերաբերյալ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Արտյուշ Գրիգորյանը, որը ներկայացրեց գործառույթների պատշաճ իրականացման, մասնագետների կողմից մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված կարիքների և խնդիրների, արձանագրությունների կազմման ընթացքում ի հայտ եկած մի շարք թերությունների մասին, որոնք հետագայում խոչընդոտում են վարչարարության իրականացման բնականոն և օրինական ընթացքին։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով պարոն Գրիգորյանը հատկապես կարևորեց ՏՄ մասնագետների՝ իրավական որակների կատարելագործմանն ուղղված պարբերական վերապատրաստումների անհրաժեշտությունը։
Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության նպատակների, առկա խնդիրների և ընդհանուր վարչարարության մասին ելույթներ ունեցան ՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Նարինե Մկրտչյանը, իրավաբանական բաժնի պետ Անուշ Հայրապետյանը։
Հանդիպում-քննարկման ժամանակ խոսվեց տրանսպորտի բնագավառում կատարվող իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններում անհրաժեշտ և ճշգրիտ տվյալներ լրացնելու, արձանագրված իրավախախտմանը համաչափ ապացուցողական բազա ապահովելու, վարչարարությունը սահմանված ժամկետներում իրականացնելու օրենսդրական պահանջների մասին։
Հանդիպման ավարտին մասնագետների և զեկուցողների միջև տեղի ունեցավ հարց ու պատասխան, պայմանավորվածություն ձեռք բերվեց նման ձևաչափով քննարկումներ, ըստ անհրաժեշտության, կրկին կազմակերպելու վերաբերյալ։
--00--ԱՀ