ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Նոյեմբերի 9-ից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում պարտված իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների պահանջ չի եղել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
«Պահանջը մեկն էր և է՝ երկիրը անշեղորեն պատերազմի տարած և պարտություն ստորագրած անձի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը:
Ի՞նչ է ստացվում.
Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է անցկացնել արտահերթ ընտրություններ:
Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է հանրության լայն շերտերին քննարկել սույն գաղափարը:
Իմ Քայլը խմբակցությունը հրաժարվել է իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարից:
Ահա այսպես, պատերազմից պատառոտված երկրում շարունակում ենք զբաղվել արհեստական և կեղծ օրակարգերի բուծմամբ: Ինչպես ասում են, ստեղծում են այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու են լուծել: Խնձորեսկի, Ճակատենի, Շուռնուխի, Արտանիշի, Սոթքի հողմակայանի և այլ համայնքների, ամենակարևորը՝ ռազմագերիների հարցով հո չէի՞ն զբաղվելու:
Հանրության լա՛յն շերտեր, մի՛ խանգարեք՝ իշխանությունը խիստ կարևոր գործով է զբաղված՝ երկնում է և հետո մերժում իր իսկ գաղափարները»,- գրել է Իսայանը:
--00—ԼՄ