ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, պատմել է, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները պսակադրությունից հետո իրեն ստիպել են հրաժարվել հանրային ելույթներից։ Այս մասին գրել է ТАСС գործակալությունը։
CBS հեռուստաալիքում հարցազրույցի ժամանակ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հարցրել է Մարքլին՝ լռում էր որովհետև ի՞նքն է այդպես ցանկանում, թե՞ որովհետև թագավորական ընտանիքն էր ստիպում: «Վերջինը», - լրագրողի հարցին ի պատասխան ասել է Սասեքսի դքսուհին:
Նա նաև ընդգծել է, որ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները «պատրաստ են ստել»՝ իրենց ընտանիքի անդամներին պաշտպանելու համար, սակայն նրանք չեն պաշտպանել արքայազնին և նրա կնոջը:
«Ես հասկացա, որ ինձ չէին պաշտպանում. նրանք պատրաստ էին ստել ընտանիքի մյուս անդամներին պաշտպանելու համար, սակայն նրանք չէին ուզում ստել ինձ ու ամուսնուս պաշտպանելու համար», - նշել է դքսուհին։
Մարքլը հավելել է, որ իրեն ընդունել են թագավորական ընտանիքում, սակայն ընդունողները նրանք չեն, ովքեր ղեկավարում են այդ հաստատությունը (թագավորական ընտանիքը) և հավելել․ «Թագուհին միշտ հիանալի է վերաբերվել ինձ»։
Խոսելով իր առաջին հղիությանն ու իրենց առաջնեկին՝ Մեգան Մարքլն ասել է, որ թագավորական ընտանիքի որոշ անդամներ լրջորեն անհանգստացած են եղել իրենց չծնված երեխայի մաշկի գույնով:
--00—ՄՀ