ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Եթե զինվորականությունը հրաժարվի ենթարկվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետին, գործ կունենանք լատենտ հեղաշրջման հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ Բադալյանի՝ ԳՇ-ի շուրջ ստեղծված լարվածությունը թուլանում է, իրավիճակը մոտենում՝ հանգուցալուծման։
«Օնիկ Գասպարյանի ուղերձն այն էր, որ իրենք շարունակում են մնալ իրենց քաղաքական դիրքորոշմանը, այսինքն՝ համարում են, որ կառավարությունը և վարչապետը պետք է հեռանան, բայց նաև շարունակում են իրենց գործառույթների իրականացումը և դուրս չեն գալիս դրանից, այսինքն՝ եղած հայտարարություններից այն կողմ քաղաքական քայլեր չեն անելու։ Գասպարյանի ուղերձի տողատակն այն է, որ ԳՇ-ն աննախադեպ քայլ անելով՝ քաղաքական ղեկավարության հեռացման կոչ հղելով, այդուհանդերձ, չի արել քաղաքական քայլեր՝ այդ կոչն իրացնելու համար։ Նա գնում է ոչ թե փողոց, հրապարակ, այլ իրավական ճանապարհով»,- ասել է նա։
Բադալյանի կարծիքով՝ նրանք, ովքեր պատրաստ չեն մնալ այս տրամաբանության մեջ, պետք է դուրս գան բանակից իրենց կամքով, այլապես, հակառակն անելով, կստեղծեն վտանգներ առաջին հերթին բանակի, ապա նաև պետության համար։
Շարունակությունը՝ տեսանյութում։