ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:
Համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը դատավոր Վահե Միսակյանին մակագրվել է մարտի 17-ին, հաջորդ օրը դատարանը վարույթ է ընդունել քրեական գործը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մարտի 9-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, եւս պարունակում են իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն համարում է քաղաքական հետապնդում։
--00--ԱՀ