ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման որոշումը վերացնելու պահանջով հայցը վարույթ ընդունել:
24News-ի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց, որ չի զարմանում, քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել. «տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»:
«Հիմա դատավոր Անի Չիլինգարյանը պետք է հրապարակավ պատասխանի՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ուղիղ կամ միջնորդավորված ի՞նչ է ասել: Ես չեմ վհատվելու, կբողոքարկեմ բոլոր հնարավոր ատյաններում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարության մերկությունը երևա ամենուր»,- ավելացրեց պատգամավորը։
Նշենք, որ հուլիսի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ զրկեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Իշխանությունների պատճառաբանմամբ, որոշումը պայմանավորված էր ԱԺ խորհրդի նիստերին չմասնակցելու և ՄԻՊ-ի ընտրության հանձնաժողովի նիստի ընթացքում քաղաքացիների արժանապատվությունը վիրավորող արտահայտությունների և ատելության խոսքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքով և ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին «չլռեցնելու» պատճառով:
Ավելի ուշ Թագուհի Թովմասյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԱԺ-ի, որով պահանջում էր վերացնել իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ