ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կտրուկ է արձագանքել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակին: Ինչպես հայտնում է Apa գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտությունը «շարունակվում է շուրջ երեսուն տարի, դարձել է հումանիտար խնդիրների պատճառ», սակայն դրանց բավարար ուշադրություն չի հատկացվել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Միյատովիչի արձագանքում քաղաքական դրդապատճառներ է տեսնում, նշում` Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի» առնչությամբ հանձնակատարի հայտնած ափսոսանքն «անհիմն է»: Միյատովիչին կոչ են արել «լինել անաչառ, խուսափել ԵԽ հեղինակությանը վնասող հայտարարություններից ու գործողություններից»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ նամակ է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` մտահոգություն հայտնելով Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ, որում, ի թիվս պատերազմի ընթացքում առգրավված զինտեխնիկայի, ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ, այդ թվում՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ։ Միյատովիչը նման պատկերները համարել է մեծապես անհանգստացնող և նվաստացուցիչ, ընդգծել` «նման ցուցադրությունը կարող է միայն ավելի ու ավելի ուժեղացնել տևական թշնամական զգացմունքները»:
--00--ԱԹ