ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա, սակայն հանդիպումը չի կարելի բացառել։ Այդ մասին Կարապանի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերում է բանակցություններին, այս պահին բանակցությունների սեղանին քննարկվող թուղթ չկա։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար։ Այդ փուլին մոտենալու համար այս շրջանը, կարծում եմ, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այնքան էլ արդյունավետ չենք օգտագործել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, և որ որպես պատճառ նշել այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմից չի հնչում համարժեք հայտարարություն՝ ի պատասխան իր այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար։
«Մեր դիրքորոշումը կառուցողական է, մենք գտնում ենք, որ պետք է կարգավորել Արցախի հարցը, կարգավորել այն սկզբունքների ու հայեցակարգի շրջանակներում, որոնց մասին խոսել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում իմ ելույթների ժամանակ և մեր նախկինում հռչակած սկզբունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, ինչքան էլ որ դա դժվար լինի։ Բայց դա մեր պատասխանատվությունն է․ տարածաշրջանում ապագայի խաղաղության և կայունության պատասխանատվությունը կրում ենք մենք՝ Ադրբեջանի նախագահը, Արցախի նախագահը և ՀՀ վարչապետը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։