ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Մեծ Իշխանասարից և կից գրառում արել՝ ներկայացնելով Սև լճի և Իշխանասարի տեսանելիությունը։
«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։
Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի, նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։
Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման դեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ»։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձելով պարփակել Սև լիճը, թշնամին մի քանի կիլոմետր առաջ է եկել, քանի որ բնագծի այդ հատվածում հայկական դիրքեր չեն եղել։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ բանակցություններ է վարել, որպեսզի ադրբեջանցի զինվորականները հետ քաշվեն։
--00—ԼՄ