ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր փոխնախարար Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Ընկերությունն զբաղվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ։
Գնել Սանոսյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանի և տնօրենի տեղակալ, աշխատակազմի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ ծանոթացել է ՓԲԸ-ի գործառույթներին, իրականացվող աշխատանքներին։
Նախարարին ներկայացվել են Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգը, ՀՀ էներգահամակարգի էլ․ միացումների հեռանկարային, Վերականգնվող էլեկտրական էներգիա արտադրող կայանների տեղաբաշխման քարտեզները։
Այցի շրջանակում մասնագետների հետ քննարկվել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր։
--00--ԱԹ