Արցախի ՄԻՊ-ը, գլխավոր դատախազն ու Արտակ Բեգլարյանն այցելել են Մարտունու գյուղեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

նկար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: Այդ մասին հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարների ուղեկցությամբ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին:  Արտակ Բեգլարյանը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին, մանրամասնել մի շարք ոլորտներում պետական քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները: 

Պետական նախարարն իր խոսքում կարևորել է համայնքային կյանքի ու նախաձեռնողականության նշանակությունը բարձրացված հիմնախնդիրների լուծման գործում: Նա ընդգծել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լինելու կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրել կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ:

Նա շեշտադրել է, որ այս անգամ հանդիպումները տեղի են ունենում մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ մարմինների հետ համագործակցության միջոցով բարձրացնել որոշ հիմնախնդիրների լուծման արդյունավետության մակարդակը:

--00—ԼՄ