ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24 News
Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Դիլիջանում անցկացվող Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովում:
«Հայաստանն այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել: Տաղանդաշատ մարդկային ռեսուրսներով, բաց մշակույթով, հզորագույն սփյուռքով Հայաստանը կարող է դառնալ տուն բազմաթիվ նորարարությունների համար»,-ասաց Գալստյանը։
Ըստ Գալստյանի ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ծառայությունների փոխակերպման գործընթացում: Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել:
«Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝ ծառայությունների որակը բարելավելու համար հիմք ընդունելով նորարարական լուծումները: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահի խոսքով աշխարհը դառնում է լաբորատորիա փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը:
--00--ԱՀ