ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ Պն ղեկավար Սերգեյ Շոյգուն ֆրանսիացի գործընկերներ Ժան-Իվ լը Դրիանի և Ֆլորենս Պարլիի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։ Ինչպես հայտնում է Eurasia Diary-ը, այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում։
Հանդիպումը կայացել է Փարիզում Անվտանգության համագործակցության ֆրանս-ռուսական խորհրդի շրջանակներում։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Ռուսական այլ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունն առաջիկայում կկենտրոնանա հումանիտար հարցերի լուծման, ինչպես նաև այնպիսի պայմանների ստեղծման ուղղությամբ, որ տարածաշրջանում հայկական և ադրբեջանական համայնքները ձևավորեն վստահության մթնոլորտ, առօրյա հարցերը լուծեն կառուցողական փոխզիջումների ոգով:
--0--ԿԿ