ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24 News
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 15-ին կայացել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև՝ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:
Ըստ աղբյուրի՝ ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը, ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ:
--00--ԱՀ