ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Թքած ունենալու նուրբ արվեստը...
Իշխանությունն այսօր շատ ցցուն կերպով ցույց տվեց , որ խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա: Այլ կերպ չեմ կարող բնորոշել այսօր խորհրդարանում ծավալված իրադարձությունները:
Աղմկահարույց օրինագծի քվեարկության տապալումից հետո գործադիրը որոշում է կայացնում արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի մասին խորհրդարանական ընդդիմությունը տեղեկացվում է նիստի մեկնարկին գրեթե զուգահեռ:
Եթե ի սկզբանե իշխանությունների համար կյանքի ու մահվան հարց էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ նախագծի անցկացումը, թո՛ղ բարի լինեին և ապահովեին իշխանական «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորի ներկայությունը , ոչ թե հետո «Сам себе режиссер»-ի սկզբունքով արտահերթ նիստ հրավիրեին, անցկացնեին ցանկալի օրինագծերն ու խորհրդարանական ամբիոնից հոխորտային, թե ընդդիմությունը չի մասնակցում քննարկմանը:
Այո՛, գլխավոր քաղաքական ինստիտուտի նկատմամբ նման քամահրական վերաբերմունքի դեպքում մենք չենք պատրաստվում մաս դառնալ այս շոուին: Հասկանում ենք, որ երկրում արտակարգ դրություն է, և այս դեպքում իշխանությունը պետք է դրսևորի արտակարգ գիտելիքներ և ունակություններ վիճակը շտկելու համար, ոչ թե առաջնորդվի արտակարգ ամենաթողության սինդրոմով և հանդես գա ցանկացած գնով ուզածին հասնելու երեխայական գործելաոճով»: