ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր միաձայն բուհի ռեկտոր է ընտրել պրոֆեսոր, բժիշկ Արմեն Մուրադյանին: Ֆեյսբուքյան իր էջում այս առթիվ արված գրառմամբ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրին՝ 100-ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին իրեն վստահելու համար:
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր հարյուրամյա պատմության ընթացքում հանդիսացել է և շարունակում է լինել մեր երկրի կարևորագույն բժշկական և առողջապահական կրթօջախը՝ ապահովելով որակյալ բժշկական կադրերի պատրաաստում և ժամանակակից բժշկական օգնության տրամադրում։
Այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցի բժշկական համալսարանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը, որը հիմնված է լինելու 7 հիմնասյուների վրա․
- Մրցունակ և որակյալ ուսանողակենտրոն կրթություն
- Ժամանակակից և անվտանգ պացիենտակենտրոն բժշկություն
- Հայտնագործություններ և նորարարություններ
- Ճգնաժամերին պատրաստվածություն և կառավարում
- Թվայինացում և գործունեության թափանցիկություն
- Միջազգային բրենդի ձևավորում
- ԵՊԲՀ ողջ համայնքի ներգրավում համալսարանի աշխատանքներում
- ՀՀ տնտեսական զարգացման խթանում:
Ներկայացրածս ծրագիրն ամփոփ ներկայացնում է առաջիկա 5 տարիների ընթացքում պլանավորվող աշխատանքների հիմնական ուղղությունները, որոնց ազդեցությունը, բնական է, չի սահմանափակվի միայն այդ 5 տարիներով և կունենա երկարաժամկետ և մուլտիպլիկատիվ էֆեկտ:
Մեր նպատակն է կատարելության և որակի միջավայրի ստեղծումը: Բժշկության և կրթության ոլորտում ստատուս քվոն մեզ համար անընդունելի է, և Երևանի պետական բժշկական համալսարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է աշխատի պրոգրեսի և առողջ հայրենիք կերտելու ուղղությամբ:
Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:
Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նպատակն է դառնալ լավագույնը տարածաշրջանում և լինել աշխարհի լավագույնների շարքում»,- գրել է նա:
--00--ԱԹ