Փոխքաղաքապետը չի մեկնաբանում Մարությանի պաշտոնանկության հարցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Հասարակական

Դեկտեմբերի 15-ին 24News-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա մեջ պաշտոնանկ կարվի։ 

Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, որն այս պաշտոնում ընտրվել էր ավագանու կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, հրաժարվեց մեկնաբանել։ «Ես չեմ մեկնաբանում այս պահին», - նշեց նա՝ հրաժարվելով խոսել նույնիսկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում էր Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը։ Քննարկումից հետո խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, պատճառաբանելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշումը, լրագրողներին ասել էր, որ կա քաղաքական ճգնաժամ։ «Հայտնի է, որ պարոն Մարությանը դուրս է եկել ՔՊԿ-ից արդեն մեկ տարի, նախորդ տարի նոյեմբեր ամսին, նոյեմբեր, թե դեկտեմբեր ամիսներին, և դրանից հետո սկսվել է քաղաքական ճգնաժամ։ Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել», - նշել էր նա։ Իսկ երեկոյան ավելի ուշ ՔՊԿ-ն հայտարարություն էր տարածել, որ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները, քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը։ «Իմ քայլը» խմբակցությունը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։

Անդրադառնալով ՔՊԿ-ի հայտարարությանը՝ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան 24News-ին ասաց․ «Ընդհանրապես գործընթացի վերաբերյալ և մասնավորապես այդ հայտարարության վերաբերյալ քաղաքապետը բանականաբար հանդես կգա հանրության առաջ»։

Հիշեցնենք, որ ավագանու անդամներ՝ «Իմ քայլը» խմբակցությունից Գրիգոր Երիցյանը, «Իմ քայլից» դուրս եկած Իզաբելլա Աբգարյանը հայտարարել էին, որ կողմ չեն քվեարկելու Մարությանի պաշտոնանկությանը։ Նույն դիրքորոշում էին հայտնել նաև ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը, իսկ խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը հայտարարել էր, որ միանում է քաղաքապետի պաշտոնանկության ստորագրահավաքին։

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հայտարարել էր, որ իրենք միանում են քաղաքապետ Հայկ  Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին։

--00--ԿԿ