ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Շահամիրյանների փողոցում հայտնաբերել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 2021-ի դեկտեմբերին ընկերության դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 միլիոն դրամ:
Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը: Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հունվարի 18-ին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից Շահամիրյանների փողոցում հայտնաբերվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք և
ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
--00--ԱՀ