Մանկապարտեզից հերքում են պակիստանցի հայր ունեցող երեխային բռնության ենթարկելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Հասարակական

24News-ի աղբյուրները կտրականապես հերքում են տեղեկությունը, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզում 2019-21 թվականներին բռնություն է կիրառվել պակիստանցի հայր ունեցող երեխայի նկատմամբ։ 

Փետրվարի 2-ին Aravot.am կայքը գրել էր, որ հունվարի 31-ին Ա.Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն, հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Փետրվարի 4-ին քննչական կոմիտեն հաղորդադգրություն էր տարածել, որ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝  երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը 24News-ին ասաց, որ հիշյալ հոդվածով մեղադրանք է առաջադրվել միայն մանկապարտեզի մեկ դայակի, այլ մեղադրյալ չկա։ Գործը դատախազություն ուղարկվելուց հետո դատախազը ձերբակալման որոշում էր կայացրել, սակայն շաբաթ օրը կայացած դատական նիստին դատավորը ոչ իրավաչափ էր համարել դատախազի որոշումն, ու խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը։ Թադևոսյանը չասաց, թե ովքեր են բացի դայակից այս գործով հարցաքննվել։ «Հիմա գնում է նախաքննություն», - եզրափակեց նա։

Քաղաքապետարանի լրատվական վարչությունից հրաժարվեցին մանրամասներ հայտնել՝ ելնելով այս գործի շահերից ու հաշվի առնելով, որ «բռնություն» տերմինն է կիրառվել։ «Մեր ստորաբաժանումներն այդ մանկապարտեզում նախնական ուսումնասիրություն իրականացրել են, բոլոր դեպքերում նպատակահարմար ենք գտել, և նաև դա գործառույթն է պահանջում, որ նյութերը փոխանցվեն ոստիկանությանը»։

Վարչությունից նաև հայտնեցին, որ մինչ լրատվամիջոցներում այս թեմայով տեղեկությունների տարածումը, քաղաքապետարանից հանդիպել են հաղորդում ներկայացրած ծնողի հետ, երբ գնացել են մանկապարտեզ ստուգայցերի։

--00--ԿԿ