ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանի՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ապա ՇՀԿ-ի անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են այն»,- ասել է նա:
«Այդ տեսակետից ես անձամբ տրամադրված եմ լավատեսորեն, թեեւ այս պահին չեմ կարող հայտնել ստույգ ժամկետը»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ երկրների միջեւ հարաբերություններն, անշուշտ, կարեւոր գործոն են, որը հարկ է հաշվի առնել: «Միեւնույն ժամանակ, ՇՀԿ-ի անդամ պետությունները համերաշխ են այն հարցում, որ երկկողմ հակասությունները չբերվեն կազմակերպություն: Դա նաեւ պարտավորություն Է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցելու ՇՀԿ-ի ընտանիքին»,- ամփոփել է նա:
Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման հռչակագիրն ստորագրվել է 2001 թվականի հունիսին Շանհայում Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին ՇՀԿ-ի լիիրավ անդամներ են դարձել Հնդկաստանը եւ Պակիստանը:
--00—ՀԶ