Գյումրիում կատարված սպանության կասկածյալները հայտնաբերվել և տեղափոխվել են «Արթիկ» ՔԿՀ

4007b29d2141148859a5de3c65f759bd

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այնուհետև բացատրական գործողությունների շնորհիվ ոստիկանության Կումայրիի բաժին է ինքնակամ ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Աշոտ Տրդատյանը։ 



Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից, ով կասկածվում էր Գյումրիում՝ Անդրանիկի արձանի հարևանությամբ, փետրվարի 27-ին Գյումրիի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։  Ա. Տրդատյանը ոստիկանության Կումայրիի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից նրան տեղափոխել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ կայացրած կալանքի որոշումը, ու նրան, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով, կալանավորել և տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ 



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, մարտի 27-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող, Գյումրիի բնակիչ, 25-ամյա Կարեն Տրդատյանը և Գյումրիի բնակիչ, 30-ամյա Հրաչ Մալխասյանը, ովքեր նույնպես հետախուզվում էին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքներով, թաքնվում են Տիգրան Մեծի նրբանցքի՝ երկաթգծի շենքերից մեկի բնակարանում։



Էրեբունու ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և «Կամիր բերետների» հետ, ժամը 20։20-ի սահմաններում նշված վայրում հայտնաբերել ու վնասազերծել են Կ. Տրդատյանին ու Հ. Մալխասյանին, որոնք տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ տեղափոխվել են Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին։



Արդեն այնտեղից էլ նրանց ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից էլ տեղափոխվել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը վերահաստատել է նրանց կալանքի որոշումը. վերջիններս նույնպես տեղափոխվել են «Արթիկ» ՔԿՀ։



--00--ՀԶ