ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նորվեգիայից կրած պարտությունից հետո հայտարարություն է տարածել.
«Հարգելի երկրպագուներ,
Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:
Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:
Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:
Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»:
Նշենք, որ Նորվեգիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր 9:0 հաշվով:
--00--ՀԶ