Փիլոյանը մերժել է ազատման դիմում գրել. ուշագրավ գործընթացներ կալանավորումից առաջ․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Փիլոյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթացներ են եղել:

Մասնավորապես, քաղաքական իշխանությունները Փիլոյանին առաջարկել են ազատման դիմում գրել, ինչը նա մերժել է, որից հետո կոնկրետ օպերատիվ տեղեկությունների եւ դիմում բողոքի հիմքով՝ իրավապահները մտել են նախարարություն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել նախարարի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը նշեց, որ, բացի նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելուց, այլ բան չի կարող հայտնել:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով եւս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ Նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են հրազեն եւ ռազմամթերք: Պարզվել է նաեւ, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ